ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էմիրաթցիները պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց քաղաքացիությանը

Էմիրաթցիները պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց քաղաքացիությանը
16.01.2018 | 12:06

2018-ը նվիրվելու է ԱՄԷ-ի առաջին նախագահ Շեյխ Զայեդ Բին Սուլթան Ալ Նահյանին, որը զրոյից ստեղծել է երկիր, որն այսօր՝ հիմնադրումից քառասունվեց տարի անց, նշանակալի դեր ունի Ծոցի համագործակցության խորհրդի երկրների շարքում և դրա սահմաններից դուրս: Նրա երազանքն էր ստեղծել ամուր, կայուն պետություն, որի ներկային և ապագային կվստահեն երկրի քաղաքացիները: Ի դեպ, էմիրաթցի կամ ԱՄԷ-ի քաղաքացի լինելը վերջիններիս համար թե՛ հպարտություն է, թե՛ մեծ պատասխանատվություն: Բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել մեր ասածը հաստատելու համար: Դրանցից են ամենուր ծածանվող պետական դրոշները, պետական և ոչ պետական կառույցներում երկրի առաջնորդների լուսանկարները, երկրի ավանդույթները և ներկա ձեռքբերումները ներկայացնող ցուցապաստառները, տարվող քարոզչությունը և, վերջապես, էմիրաթացման գործընթացը: Ամեն էմիրաթցի համոզված է, որ իր երկիրը լավագույնն է բոլոր ասպարեզներում: Իսկ ով է, ըստ էության, էմիրաթցին: Էմիրաթցիներն ԱՄԷ-ի քաղաքացիություն ունեցող անձինք են, որոնք ապրում են ԱՄԷ-ի տարածքում: Նրանք կազմում են երկրի բնակչության 11,32 % -ը՝ մոտավորապես 1 մլն: Բնականաբար, կան նաև արտերկրում բնակվող ծագումով էմիրաթցիներ, որոնցից 7000-ը ապրում է Ծոցի երկրներում, 5406-ը՝ Մեծ Բրիտանիայում, 2000-ը՝ ԱՄՆ-ում, 2885-ը՝ Գերմանիայում, 1700-ը՝ Ավստրալիայում, 220-ը՝ Դանիայում: Հայտնի է, որ վերջին շրջանում էմիրաթցիները հետաքրքրված են նաև Հայաստանով, սակայն մեր երկրում հաստատված էմիրաթցիների մասին դեռ պաշտոնական տվյալներ չունենք, իսկ վերը նշված երկրներում, բնականաբար, կան նաև քաղաքացիություն ձեռք բերած անձինք: Ավելի ուշ կանդրադառնանք այն հարցին, թե ինչ է սպասում նրանց այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում:


ԱՄԷ-ի քաղաքացի հասկացությունը ձևավորվել է 1971 թ. պետության կազմավորումից հետո, երբ նրանք առաջին անգամ անձնագիր են ստացել: Իսկ մինչ այդ յուրաքանչյուր էմիրությունում անձնագրի փոխարեն ճամփորդության համար նախատեսված անցաթուղթ է գործել: Որոշ աղբյուրների համաձայն՝ պատմական այս շրջանում տեղացիների մի մասը թյուրիմացությունների պատճառով չի կարողացել անձնագիր ստանալ, ինչը հետագայում դժվարություններ է ստեղծել նրանց սերունդների համար: Անձնագիր չստացած անձանց թվում բեդվիններն են, որոնց թիվը հստակ չէ, սակայն նշվում է, որ ԱՄԷ-ում տատանվում է 10000-100000-ի սահմաններում:


Վերադառնալով ԱՄԷ-ի քաղաքացիության խնդրին՝ պետք է նշել, որ պետականության հաստատման քառասունվեցամյակի առիթով էմիրաթցի մայրերից ծնված 309 երեխա, որոնց հայրերն անհայտ են կամ օտարերկրացի, ԱՄԷ-ի քաղաքացիություն է ստացել: Այսպիսի քայլ ամեն տարի է կատարվում: Ինչպես նշում է Աբու Դաբիի արքայազն և զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը, այդ երեխաները պետք է հասարակության մաս կազմեն և ապահովեն վերջինիս կայունությունը: Երկրի իշխանությունները վստահ են, որ նրանք կհետևեն ԱՄԷ-ի որդեգրած սկզբունքներին, Սահմանադրությանը և կնպաստեն երկրի բարգավաճմանը: Առիթից օգտվելով անդրադառնանք, թե որ դեպքում է հնարավոր լինել Էմիրաթի քաղաքացի և ինչպես կարելի է ԱՄԷ-ի քաղաքացիություն ստանալ: Եթե երեխան ծնվել է էմիրաթցի հորից, ինքնըստինքյան ծնունդով էմիրաթցի է: Այն երեխաները, ովքեր ծնվել են ԱՄԷ-ում և լքված են ծնողների կողմից, նույնպես համարվում են ծնունդով էմիրաթցի: ԱՄԷ-ում քաղաքացիություն ստանալու կարգը սահմանվում է քաղաքացիության մասին օրենքով: Քաղաքացիություն ստանալը, եթե նշենք միջազգային տերմինով, Jus sanguinis է (արյան իրավունք): Ինչպես գիտեք, այս իրավաբանական տերմինով ամրագրվում է այս կամ այն երկրի քաղաքացիություն ստանալու իրավունքը միայն այն անձանց համար, ովքեր ունեն տվյալ երկրի ժողովրդի հետ ռասայական, լեզվական, էթնոմշակութային ընդհանուր գծեր: Այսինքն, ԱՄԷ-ի քաղաքացիություն կարող են ստանալ այն անձինք, ովքեր ունեն վերը նշված ընդհանրությունները: Ի դեպ, ապագայում ԱՄԷ-ի քաղաքացի դառնալու մեծ հնարավորություն ունեն նաև էմիրաթցի տղամարդու հետ ամուսնացած օտարերկրացի կանայք: Սակայն նրանք քաղաքացիության համար կարող են դիմել միայն ամուսնությունից յոթ տարի հետո: Պետք է նշել, որ ամուսնալուծության դեպքում նրանք կկորցնեն քաղաքացիությունը: Ինչպես վերը նշեցինք, քաղաքացիություն կարող են ստանալ նաև էմիրաթցի մորից և օտարերկրացի կամ անհայտ հորից ծնված երեխաները:
Քաղաքացիություն ստանալու գործընթացում ընդգրկված է նաև նատուրալիզացիայի եղանակը, այսինքն, երբ անձը քաղաքացիություն է ստանում իր ցանկությամբ: Ինչպես հայտնի է, այս եղանակով քաղաքացիության համար դիմած անձը պետք է բավարարի որոշակի պահանջների՝ օրինակ, լեզվի իմացություն: Բայց պետք է նկատի ունենալ, որ նատուրալիզացիայի ճանապարհով քաղաքացիություն ձեռք բերած անձինք ԱՄԷ-ում չեն կարող ընտրությունների մասնակցել:


Կարևոր է նաև օրենքում երկքաղաքացիությանը վերաբերող կետը: Երկքաղաքացիությունը ԱՄԷ-ում չի ճանաչվում: Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում անձը պետք է հրաժարվի էմիրաթյան քաղաքացիությունից: Էմիրաթցիներն իսկապես պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց քաղաքացիությանը, հպարտությամբ են կրում այդ պարտավորությունը, լավ գիտեն իրենց իրավունքները և, որպես քաղաքացի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տնտեսական ոլորտներում օգտվում են բազմաթիվ արտոնություններից: Դժվար թե այնպիսի քայլ կատարեն, որը քաղաքացիությունը կորցնելու սպառնալիք կդառնա: Իսկ այդպիսի սպառնալիք կարող է լինել: Էմիրաթցիներն իրենց քաղաքացիությունը կարող են կորցնել այլ երկրի զինված ուժերում զինվորագրվելու, ԱՄԷ-ի հետ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կառավարությունում աշխատանքի ընդունվելու, այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու, ինչպես նաև փաստաթղթային խարդախությունների դեպքում:


Չմոռանանք նաև ԱՄԷ-ում բնակվող օտարերկրացիներին, որոնք իրենց թվով գերազանցում են տեղացիներին: Տասնամյակներ շարունակ այս երկրում ապրող օտարերկրացիները քաղաքացիություն ձեռք բերելու հույս գրեթե չունեն: Ընդհանրապես, օտարերկրացիներին քաղաքացիություն տալու վերաբերյալ գործընթացը, կարծես, հստակ չէ, թեև այդ հարցը բազմիցս արծարծվել է: Օրինակ, այս խնդրին առնչվող ուսումնասիրություն է կատարել ԶԱՅԵԴ համալսարանից Ռանա Խալիդ Ալ Մութավան: ՈՒսումնասիրության նպատակն է ցույց տալ, որ օտարերկրացի բարձրակարգ մասնագետներին նպատակահարմար է քաղաքացիություն տալը, ինչը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը և էմիրաթյան աշխատուժի ընդլայնմանը: Իսկ ավելի վաղ էմիրաթցի մեկնաբան Սուլթան ալ Քասեմին առաջարկել էր քաղաքացիություն շնորհել այն արաբ օտարերկրացիներին, որոնք նպաստել են ԱՄԷ-ի զարգացմանը: Օտարերկրացիներին քաղաքացիություն տալու հարցը բուռն քննարկումների առիթ է տվել: Մեծ թիվ են կազմում դրան բացասաբար վերաբերվողները: Նրանց անհանգստացնում է, թե արդյոք օտարերկրացիներին քաղաքացիություն տալուց հետո պետությունը կարո՞ղ է նույն ծավալով հոգալ էմիրաթցիների կարիքները, արդյոք նատուրալիզացիայի ճանապարհով քաղաքացիություն ձեռք բերած անձինք իրենց պես կվերաբերվե՞ն ԱՄԷ-ին, օտարերկրացիներին քաղաքացիություն տալով չե՞ն տուժի երկրի ավանդույթները, և չի՞ խաթարվի էմիրաթցիների ինքնությունը:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 19211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ